Ի՞նչ լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերը զբոսաշրջության զարգացման համար, ներկայացնում են առանձին կուսակցությունների առաջարկներն (ըստ իրենց նախընտրական ծրագրի) ու դրանց հանրագումարը։

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Գյումրու պատմական միջուկի՝ Կումայրի արգելոցի տարածքում սահմանելու ենք ոչ երթևեկելի ժամեր՝ ապահովելով ժառանգության պահպանությունն ու զբոսաշրջային միջավայրի բարելավումը։
  • Ստեղծելու ենք օդանավակայանից երկաթուղային կայարան տանող տրանսպորտային հանգույց՝ բարելավելով տրանսպորտային հաղորդակցությունը։ 
  • Մշակելու ենք Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ռազմավարություն և ճանապարհային քարտեզ։ Ստեղծելու ենք զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ հանրային զուգարաններ, QR կոդով քարտեզներ, եռալեզու տեղեկատվական վահանակներ։ 
  • Ներդնելու ենք էլեկտրոնային վճարման ճկուն համակարգ, աուդիո և վիդեո գիդ-ծառայություն համայնքապատկան թանգարաններում՝ զբոսաշրջիկների համար ապահովելով ժամանակակից մոտեցումներ։ 
  • Ստեղծելու ենք «Գյումրի 360° վիրտուալ տուր»՝ օգտագործելով VR տեխնոլոգիաներ: 
  • Զարգացնելու ենք հեծանվային ենթակառուցվածքները՝ ստեղծելով ապահով հեծանվային գոտի: 
  • Իրականացնելու ենք համայնքի բրենդավորում:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

  • Երկաթգծի կայարանում, ավտոկայանում, օդանավակայանում և քաղաքի կենտրոնում հիմնել տեղեկատվական կետեր՝ զբոսաշրջիկներին քաղաքում ուղղորդելու համար։
  • Վերաբացել «Տուրիզմի զարգացման բաժին»-ը Գյումրու քաղաքապետարանում։
  • Վերականգնել քաղաքային միջոցառումների կազմակերպումը, այդ թվում՝ Երեխաների պաշտպանության օր, Վերջին զանգ, Հրաժեշտ մանկապարտեզին, Գալա համերգ՝ երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ, Ոսկե աշուն, Շիրակի ձմեռ, Բագրատունյաց օր, Ազգային երգ ու պարի փառատոն, Իսահակյանական և Շիրազյան տոնախմբությունները։

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Անվճար Wi-Fi հանրային վայրերում
  • Հանրային վայրերում մոդուլային զուգարանների տեղադրում
  • Քաղաքի պատմական վայրերի հանրահռչակում, «Արհեստների ու արվեստների փողոցի» հիմնում
  • Համայնքային ենթակայության պատկերասրահի հիմնում, գրադարանների վերաբրենդավորում

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

  • Գյումրին վերածել Հայաստանի զբոսաշրջային մայրաքաղաք
  • Զբոսաշրջության զարգացման կենտրոնացված քաղաքականության իրականացումը, որի համար զարգացման լուրջ խթան կարող է դառնալ ազատ տնտեսական գոտու և ազատ քաղաքի ռեժիմների ներդրումը։
  • Քաղաքապետարանը գովազդային լրջագույն քաղաքականություն պետք է իրականացնի՝ Գյումրու զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով։ Մասնավորապես՝ մշակութային, խոհարարական և ստեղծագործական փառատոնների կազմակերպում, մարքեթինգային արշավների իրականացում։
  • Ստեղծել տեղեկատվական կենտրոններ օդանավակայանում, երկաթգծի կայարանում ու Բավրա անցման կետում՝ Գյումրու մասին տեղեկությունները զբոսաշրջիկներին հասանելի դարձնելու նպատակով։ 

«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Հուշարձանների, շենքերի եւ փողոցների առնվազն 2 լեզուներով ցուցանակներով կահավորում
  • Զբոսաշրջային տեղեկատվական քաղաքային կենտրոնի ստեղծում
  • Քաղաքի բազմալեզու քարտեզներով ցուցանակների տեղադրում, ուղեցույց տպագիր քարտեզների մշակում եւ տարածում զբոսաշրջային գործով զբաղվող անձանց եւ օջախներում (տրանսպորտային հանգույցներ, օպերատորներ, զբոսավարներ, տեղեկատվական կենտրոններ, թանգարաններ եւ այլն)
  • Արժանավոր մարդկանց, հուշարձան-շինությունների, արժանահիշատակ իրադարձությունների վայրերում հուշատախտակների տեղադրում եւ արդիականացում արագ ընթերցվող կոդերով (QR) եւ այլ եղանակներով
  • Նոր պրոֆիլային համայնքապատկան թանգարանների (սպորտ, հումոր, խոհանոց եւ այլն) ստեղծում, մշակութային, արհեստագործական, գաստրոնոմիական, միջազգային եւ այլ փառատոնների շարքերի եւ ցուցահանդեսների կազմակերպում
  • Թանգարանների եւ զբոսաշրջային այլ օբյեկտների համացանցային միասնական կայքի ստեղծում, անցում էլեկտրոնային տոմսակների
  • Արհեստավորաց փողոցի եւ արհեստանոցների հիմնում
  • Ձմեռային զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծում

«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Գյումրին պիտի դառնա Հայաստանի տուրիստական սիրտը
  • Սկսել տեղեկատվական արշավ՝ տուրիստական մեծ նոր հոսքեր քաղաք ներգրավելու ուղղությամբ։ Այս համատեքստում խնդիր դնել Գյումրիի օդանավակայանի ծավալների մեծացման, նոր հետաքրքիր թռիչքներ բացելու համար։
  • Գյումրին՝ հայկական խոհարարական արվեստի ամենայուրահատուկ հարթակը։ Գյումրին Հայաստանի ամենահամով քաղաքն է, որը հայտնի է իր խոհարարներով, իր սրճարաններով, իր ռեստորաններով և իր, որևէ այլ տեղ չհանդիպող, ավանդական ճաշատեսակներով։

«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԴԱՇԻՆՔ

  • Ստեղծել քաղաքի բրենդը՝ ձևավորելով զբոսաշրջային իմիջ
  • Անի, Մուշ, Ավստրիական և Բուլվարային թաղամասերը դարձնել առավել գրավիչ ու հրապուրիչ զբոսաշրջիկների համար՝ ստեղծելով նոր ու հետաքրքիր զբոսաշրջային կանգառներ
  • Անի թաղամասը բարեկարգել ու գունավորել շենքերը
  • Զբոսաշրջային ակտիվությունը կենտրոնից տարածել դեպի ամբողջ քաղաքն ու ծայրամասերը։ Այդ նպատակով ձեռք բերել բացօթյա զբոսաշրջային ավտոբուսներ, որոնցով քաղաքային տուրեր կիրականացվեն՝ ներկայացնելով քաղաքի բոլոր շերտերը՝ Ալեքսանդրապոլը, Լենինականն ու Գյումրին։
  • Հանրային զուգարաններ կառուցել՝ օգտվելով միջազգային փորձի օրինակներից
  • Գյումրու կենտրոնից հեռու ստեղծել զբոսաշրջիկներին սպասարկող ավտոբուսների ու միկրոավտոբուսների համար ավտոկայանատեղի՝ բեռնաթափելով կենտրոնը, որն իրենից ենթադրում է մեկ ամբողջական ենթակառուցվածք՝ իր այլ ծառայություններով՝ ավտոլվացում, սպասարկում, սրճարաններ
  • Ներդնել թանգարանների տոմսերի վաճառքի նոր մոդել, որը կչեզոքացնի սեզոնայնության խնդիրը և կապահովի էլ ավելի մեծ շարժ քաղաքի թանգարանային տնտեսության մեջ
  • Ձգտել՝ ապագայում ունենալ փառատոնային օրացույց ամսվա համար (որպեսզի զբոսաշրջային հոսքերը քաղաքում 3-4 ամիս չտևեն)։ Օրինակ՝ հիմնել Ալեքսանդրապոլյան ոչ առավել հայտնի ուտեստների գաստրո փառատոն, որն էլ կդառնա այցեքարտային
  • Զբոսաշրջային տեղական տուրքերի սահմանում, որը կծառայի բացառապես քաղաքում զբոսաշրջային նոր առաջարկներ ստեղծելուն
  • Ալեքսանդրապոլյան արհեստների ու արվեստների փոքրիկ տաղավարներով ճեմափողոցի ստեղծում
  • Կինոների բակի բարեկարգում
  • Գյումրու պատշգամբներում և բակերում նկարահանված ֆիլմերի հայտնի էպիզոդները կենդանացնել՝ նույն վայրերում տեղադրելով համապատասխան մանեկեններ և հնչեցնելով հայտնի տեսարանների ձայնագրությունները
  • Go to Gyumri հավելվածի ստեղծում, որը  կմեկտեղի քաղաքի զբոսաշրջային բոլոր ծառայություններն ու տեղեկատվությունը, ինչը կծառայի նաև որպես օնլայն ինֆոկենտրոն
  • Համագործակցել հայրենական և միջազգային կինոարտադրողների հետ՝ Գյումրին դարձնելով վաղեմի ֆիլմարտադրության «տաղավար»
  • Գյումրին հռչակել հումորի մայրաքաղաք
  • Համայնքապետարանում բացել զբոսաշրջության զարգացման բաժին

«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Գյումրին կունենա ժամանակակից զբոսաշրջության համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ ապահովելու համար մեզ հյուր եկած զբոսաշրջիկի կեցությունը, ժամանցն ու հագեցած հանգիստը
  • Կներդրվեն զբոսաշրջային թեմատիկ ծրագրեր և միջոցառումներ, որոնք արդեն իսկ գոյություն ունեցող մշակութային և գաստրոնոմիկ բաղադրիչները կլրացնեն նոր ուղղություններով այնպես, որ հյուրերից յուրաքանչյուրն օրվա ցանկացած ժամի կգտնի իրեն հոգեհարազատ ժամանց եւ հանգիստի ձևը և մեր քաղաքում չի ձանձրանա
  • Կանցկացվեն զանգվածային ու ոչ զանգվածային մշակութային և սպորտային միջոցառումներ ու փառատոններ, որոնք ոչ միայն կնպաստեն դեպի Գյումրի ներգնա ու միջազգային տուրիզմին, այլև հաճելի ժամանց կապահովեն գյումրեցիների համար։ Այդ միջոցառումները պետք է լինեն շատ, իսկ դրանցից հաջողվածները պետք է դառնան ավանդական ու իրենց նպաստը բերեն ժամանակակից Գյումրու դիմագծի կերտմանը։
  • Կխթանենք մեզ հարազատ արվեստների ու արհեստների զարգացումը, իսկ դրանց ստեղծած արդյունքը կտարածվի և կիրացվի ոչ միայն Հայաստանում ու սփյուռքում, այլև ամբողջ աշխարհում։ Մեր հանրահայտ արհեստավորներն ու արվեստագետները՝ անցյալի, մեր կողքին կամ այլուր ապրող պետք է ըստ արժանավույն հանրահռչակվեն ու իրենցով հռչակեն իրենց հարազատ Գյումրին։ Շիրազ ու Իսահակյան, Մերկուրով ու Գյուրջիև, Ասլամազյան քույրեր, Ֆրունզիկ ու Արտավազդ Փելեշյան, Յուրի Վարդանյան ու Արթուր Ալեքսանյան, Պոլոզ Մուկուչ ու Կարգին Մկոյի նման մարդիկ հարյուրավոր են, և մենք պետք է այս մարդկանց արժանացնենք վաստակված պատվին ու նրանց պատվով փառաբանենք մեր քաղաքը։
  • Կստեղծվի Գյումրի քաղաքի Փառքի ճեմուղին, որտեղ կտեղադրվեն մեզ փառք ու պատիվ բերած բոլոր անվանի գյումրեցիների կիսանդրիները։
  • Կկառուցվեն բաց ու փակ մարզական համալիրներ, որպեսզի գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունենան տարվա բոլոր եղանակներին ընտանիքներով վայելելու ջրային հանգիստը։ Ընդ որում՝ հատուկ սոցիալական փաթեթներով այդ համալիրները լինելու են ոչ թե ունևոր խավի հանգստավայր, այլ հասանելի են լինելու նաև խոցելի խմբերին։