ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Հոդված 66. Ընտրողի ինքնությունն ստուգելը, ընտրողների գրանցումը

1. Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ է համարվում սույն օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթերից որեւէ մեկը:

2. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է:

Յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին եւ ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը:

Եթե ընտրողը ներկայացրել է անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով, եւ ներկայացված փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ:

Եթե ընտրողը ներկայացրել է անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, կամ ներկայացված անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման կողմից չի ընթերցվում, կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողը ներկայացրել է քաղաքացիություն չունեցող ընտրողի համար սահմանված անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է ներկայացված փաստաթղթում ամրագրված անձնագրի կամ նույնականացման քարտի կամ քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ:

Եթե ընտրողը ներկայացրել է այլ անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:

Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած, անձը հաստատող փաստաթուղթ:

3. Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը կամ 2008 թվականի հունվարի 1-ից հետո տրված ոչ կենսաչափական անձնագիրը եւ առ այդ պահն անձը հաստատող որեւէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են տվյալ ընտրողի լուսանկարը, ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը եւ կանաչ նշան:

4. Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը տրված ոչ կենսաչափական անձնագիրը եւ առ այդ պահն անձը հաստատող որեւէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը եւ կանաչ նշան՝ առանց ընտրողի լուսանկարի: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ եւ առ այդ պահն անձը հաստատող փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը եւ կանաչ նշան՝ առանց ընտրողի լուսանկարի:

5. Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաեւ այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը:

Սույն մասում նշված դեպքում ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:

6. Եթե ընտրողն իր անձը հաստատող որեւէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան, ապա մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:

7. Այն դեպքում, երբ էկրանին հայտնվում է կանաչ նշան, ընտրողը ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Դրա անհնարինության դեպքում մատնահետքը ներմուծվում է հետեւյալ առաջնայնությամբ` ձախ ձեռքի ցուցամատը, աջ ձեռքի միջնամատը, ձախ ձեռքի միջնամատը, աջ ձեռքի մատնեմատը, ձախ ձեռքի մատնեմատը, աջ ձեռքի ճկույթը, ձախ ձեռքի ճկույթը, աջ ձեռքի բթամատը, ձախ ձեռքի բթամատը: Մատնահետքը ներմուծելու անհնարինության դեպքում մատնահետք ներմուծման քայլը բաց է թողնվում: Դրանից հետո տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը, իսկ թվային շտեմարանում առկա լինելու դեպքում` նաեւ ընտրողի լուսանկարը պարունակող քվեարկության կտրոն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է սահմանել էկրանի վրա լրացուցիչ տվյալներ հայտնվելու եւ քվեարկության կտրոնի վրա լրացուցիչ տվյալներ տպելու պահանջներ:

8. Մասնագետը տպված քվեարկության կտրոնը ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձնում է ընտրողին, որից հետո ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի համապատասխան անդամին: Ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ընտրողից վերցնում է քվեարկության կտրոնը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տողը եւ իր անհատական կնիքն է դնում համապատասխան սյունակում, որից հետո անհատական կնիքով կնքում քվեարկության կտրոնը եւ այն փոխանցում ընտրողին:

9. Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքավորման կիրառման իրականացվում է հետեւյալ դեպքերում.

1) զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկություն.

2) քրեակատարողական հիմնարկում քվեարկություն.

3) շրջիկ արկղով քվեարկություն.

4) քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկություն.

5) տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում՝ քվեարկություն:

10. Ընտրողներին առանց տեխնիկական սարքավորման կիրառման գրանցելու դեպքում հանձնաժողովի համապատասխան անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները (քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկելու դեպքում լրացնում է ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը), լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:

Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով գրանցվելուց հետո մասնագետի կողմից տեխնիկական սարքավորման մեջ ներմուծվում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում, որից հետո ընտրողը ներմուծում է իր մատնահետքը: Այդ գործողություններից հետո տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոն, որը պարունակում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում եւ քվեարկության կտրոնի հերթական համարը: Մասնագետը կտրոնը փոխանցում է ընտրողին:

Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի համապատասխան անդամը լրացնում է համարակալված կտրոն՝ վրան նշելով, թե որ ցուցակի ընտրող է, ցուցակում ընտրողի հերթական համարը, անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը եւ այն փոխանցում ընտրողին:

11. Համարակալված կտրոնի ձեւը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հոդված 67. Քվեարկությունը

1. Քվեարկության կտրոնն ստանալուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին եւ ներկայացնում քվեարկության կտրոնը:

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին տրամադրում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ եւ քվեարկության մեկ ծրար: Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկներն ստանալուց:

Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին է տրամադրում մեկ քվեաթերթիկ եւ քվեարկության մեկ ծրար (միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում` քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ):

Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:

3. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որեւէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Տարածքային ընտրական ցուցակի թեկնածուներից որեւէ մեկին ընտրելու դեպքում ընտրողն իր ընտրած կուսակցության քվեաթերթիկի երկրորդ էջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:

4. Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւով միատեսակ նշում է կատարում այն կուսակցության անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում, եւ քվեաթերթիկը տեղավորում է քվեարկության ծրարում:

5. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրության ժամանակ ընտրողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ` «դեմ եմ» բառերի դիմաց: Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է համապատասխան ծրարում:

6. Արգելվում է որեւէ ձեւով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում:

7. Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամին եւ նրան է հանձնում քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ստուգում է կտրոնը, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել նաեւ ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը: Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը եւ ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու քվեատուփի մեջ:

Եթե ընտրողը չի ներկայացվում քվեարկության կտրոն, ապա ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը տեղեկացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն ընտրողից վերցնում է քվեարկության ծրարը, անհապաղ մարում է՝ առանց ծրարի պարունակությունն ստուգելու:

8. Եթե քվեարկության ընթացքում ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերը սպառվել են, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը նրան նոր ինքնասոսնձվող դրոշմանիշերի հերթական խմբաքանակն է հանձնում նրանից քվեարկության կտրոնները ստանալուց հետո: Քվեարկության կտրոնները հաշվվում են, եւ թիվը արձանագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը իր հերթափոխի ավարտին, ինչպես նաեւ քվեարկության ավարտին հանձնաժողովի նախագահին է հանձնում չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը եւ ընտրողներից ստացած քվեարկության կտրոնները: Քվեարկության կտրոնները եւ չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը հաշվվում են, եւ թվերը արձանագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

9. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

10. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է նոր քվեաթերթիկ (Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` ընտրությունների մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ): Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկը (քվեաթերթիկները) անհապաղ մարվում են:

11. Ընտրողն իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել:

12. Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա քվեարկության սենյակից:

13. Քվեարկության ընթացքում թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուին արգելվում է գտնվել տեղամասային կենտրոնում կամ տեղամասային կենտրոնին հարող` մինչեւ 50 մետր շառավղով տարածքում, բացառությամբ քվեարկությանը մասնակցելու դեպքի:

14. Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։